ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ԳՐՈՂՆԵՐ


Արամայիս Գարեգինյան

Ծնվել է 1948 թ. Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում: 1967 թ. ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Ապրանքագիտության և Առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետ, ավարտել է 1973 թ.: 1995 թ. գրել է "Վրեժխնդրության ձոր" վիպակը, ապա տպագրվել են պատմվածքներ` "Հորիզոն", "Գարուն" և այլ ամսագրերում: 2006 թ. գրել է "Մետաղյա հիշողություն" պատմվածքների ժողովածուն: Առաջնորդվում է "Ապրել` ճանաչելու, ճանաչել` ապրելու համար" սկզբունքով:







* * *

Գևորգ Կարապետյան

Բանաստեղծ-թատերագիր Գևորգ Կարապետյանը ծնվել է 1939 թ., Երևանում: 1986 թ. հիմնադրել է Հրազդանի Մանկական արվեստի դպրոցը, որտեղ աշխատում է որպես ուսուցիչ և փոխտնօրեն: Նա մի շարք բանաստեղծությունների, շուրջ քսան պիեսների, բազմաթիվ լիբրետոների, էսսեների, տեսական և քննադատական հոդվածների և երկու հարյուրից ավելի երգերի խոսքերի հեղինակ է:

Նրա հրատարակած գրքերն են.
“Արև և հող” (1976 թ.),
“Գույների ձայնը” (1982 թ.),
“Սեր և գոյություն” (1988 թ.),
“Ռեկֆիեմ դյութազնական” (1995 թ.) - Նվիրված է Անդրանիկ Զորավարին,
“Ավանակի երազը” (1997-98 թթ.),
“Ռնգեղջյուրի հոբելյանը” (1996 թ.) – Արժանացել է խրախուսական մրցանակի,
“Քարե Արծիվ” (1998 թ.)
“Իշխանամետ Ծաղրածուները” (2002 թ.) – Սատիրա
“Փրկչի Հայտնությունը” (2003 թ.):
“Գլխատված Դար”(2003 թ.)
“Կոստան Զարյան” կամ “Չընդհատվող Շարական” (2005 թ.)
“Վահրամ Փափազյան” (2006 թ.)

Նրա բանաստեղծություններով երգեր են գրել կոմպոզիտորներ Ա. Բաբաջանյանը, Էդ. Բաղդասարյանը, Էդ. Աբրահամյանը, Ալ. Աճեմյանը, Տ. Մանսուրյանը, Ռ. Ամիրխանյանը, Ստ. Շաքարյանը, Մ. Մավիսակալյանը, Ա. Սմբատյանը, Ստ. Լուսիկյանը, Ռ. Գալստյանը, Լ. Չաուշյանը, Ռ. Ղազարյանը, Խ. Մարտիրոսյանը և ուրիշները:
Նա բեմադրել է մի շարք պիեսներ: 1988 թ.-ին Արտաշատի պետական թատրոնում տեղի է ունեցել “Աստվածների ճակատագիրը” պիեսի պրեմիերան, որի ռեժիսորն էր Հովհաննես Կարապետյանը: Հայրենական պատերազմի 40-ամյակի առթիվ Ղափանի Պետական թատրոնում բեմադրվել է “Սյունյաց Արծիվը”, որը արժանացել է մրցանակի: 1976 թ.-ին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում բեմադրվել է “Զանգակածաղիկ” ներկայացումը, որի ռեժիսորն էր Գայանե Մարտիրոսյանը:

1977 թ.-ին Գյումրիի Պետական Տիկնիկային թատրոնում բեմադրվել է “Տղան և Դելֆինները” հեքիաթը, որի բեմադրող ռեժիսորն է եղել Սիրանուշ Ղուկասյանը` թատրոնի գլխավոր ռեժիսորը:
1985-86 թթ. Թալինի թատրոնում բեմադրվել է “Մայրեր, Մայրեր” պիես կատակերգությունը:
Խարկովի թատերական փառատոնում “Անտրեպրիզ” ներկայացումը շահեց առաջին մրցանակը:
2005 թ.-ին Աշտարակի թատրոնում բեմադրվել է “Ամերիկյան Աքաղաղը”:

Նրա աշակերտուհի Նարինե Գրիգորյանը` ծնունդով Հրազդանից, “Գլխատված Դար” բանաստեղծությունների հիման վրա բեմադրել է “Աչքերի որսը” պիեսը և դարձել միջազգային մրցույթի դափնեկիր: 2006 թ. Եգիպտոսում շահեց մրցանակ:

* * *

Հակոբ Հարություն (Ղասաբյան)

Ծնվել է 1958 թ., Սիրիայում: 1965 թ. տեղափոխվել է Հայաստան: Ապրել և ստեղծագործել է Հրազդան քաղաքում: 1980 թ. ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետական ֆակուլտետը: Գրական ստեղծագործությունը սկսել է 1980-ական թվականներից: Տպագրվել է մի շարք թերթերում և ամսագրերում: Առաջին գիրքը` “Նրա տեսակը”, լույս է տեսել 2000 թվին, այնուհետև լույս են տեսել 2002 թվին “Էլ Մարի”-ն և “Տեսլիքների արյունը”: “Տիգրանակերտցի պապս ոգի է զարկերակիս տրոփյունում”. այս սկզբունքով է առաջնորդվում հայ գրողը:








* * *

Լևոն Խեչոյան

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983 թվականին ավարտել է Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1977 թվականից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից: 1988 թվականից տպագրվում է հանրապետական մամուլում: Իր անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին "Խնկի ծառեր" վերնագրով:Գրել է նաև "Լրագրող" պատմվածքը: Պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն: 2000 թ. լույս է տեսել ուկրաիներեն թարգմանված "Խնկի ծառեր" ժողովածուն: 1997 թվականին մասնակցել է Վաշինգտոնում կայացած Ասիայի գրողների համագումարին: "Սև գիրք, ծանր բզեզ" գրքի համար 1999 թվականին արժանացել է ՀՀ Պետական Գրական "ՈՍԿԵ ԵՂԵՆ" մեծ մրցանակի: 2000 թվականի հունիս-հուլիս ամիսներին մասնակցել է Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ՝ Գերմանիայի Բունդեստագի կողմից կազմակերպված "Գրական ճեպընթաց- 2000" միջոցառմանը: Շրջագայել է Եվրոպայի 21 քաղաքներով: Մադրիդում, Փարիզում, Կալինինգրադում, Բեռլինում կարդացել է "Պատերազմը և գրականությունը" զեկույցը: 2001 թվականին Բեռլինում գերմաներեն լեզվով լույս է տեսել "Europaexpress" ժողովածուն, որտեղ կա նաև իր վերը նշված շրջագայության (103 գրողների մասնակցությամբ) տպավորությամբ գրված Եվրոպայի երկաթե ճանապարհների էսսեն: 2002 թվականին լույս է տեսել "Տան պահապան ոգին" հեքիաթների ժողովածուն: 2002 թվականի հոկտեմբերին լույս է տեսել "Հունիսի 5-ը և 6-ը" պատմվածքների ժողովածուն: 2003 թվականի մայիսի 14 –19-ը մասնակցել է Թբիլիսիում կայացած Հարավային Կովկասի գրողների հավաքին: 2003 թվականի սեպտեմբերին Բեյրութում լույս է տեսել "Հողի դողը" պատմվածքների ժողովածուն: 2004 թվականին "Գրական տապան"` Եվրոպայի գրողները Հայաստանում, ժողովածուում լույս է տեսել "Եվրոպայի երկաթե ճանապարհներին" էսսեն: "Հողի դող" պատմվածքների ժողովածուի համար 2005 թվականի փետրվարին արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան գրական մրցանակի:




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը