ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ և ՊԱՀԱՆՋՈՒՄ

23/04/2015

Այսօր, հարյուր տարվա վաղեմությունից նույնիսկ հայ ժողովրդի բոլոր սերունդները շարունակում են իրենց  ճակատագրի վրա զգալ այն հարվածների հետևանքները, որ մեզ հասցրեց Մեծ եղեռնը: Բոլորի համար պարզ է, որ հայերի ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել: Մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որ մարդկային մտքի, խոսքի մեջ չէր գործածվել նման արտահայտություն: Նրանք զոհ դարձան նախօրոք և մանրամասն ծրագրավորված մի ոճրագործության, որն ուներ հստակ մի նպատակ` տիրանալ հայի երկրին, նրա ունեցվածքին և հազարամյակների ժառանգությանը:

Մեր պարտքն է այսօր գիտակցել և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է:

Յուրաքանչյուր Ապրիլի 24 առիթ է նորոգելու մեր ուխտը` հավատարիմ մնալ հայոց պետականությանը, որի գոյությունը բացառում է ցեղասպանության կրկնությունը: Մենք, որպես պետություն և տարածաշրջանի բնիկ ժողովուրդ, պայքարելու ենք մարդկությանն  ուղղված ամենադաժան հանցագործության` ցեղասպանության դեմ:

Այսօր ևս մեկ անգամ մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ բռնության ու կոտորածի, չարի ու ոճրագործության: Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է լսի ու դատապարտի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված այդ հրեշագործությունը:

Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը կնպաստի ապահով ու արդար աշխարհի կերտմանը և ցեղասպանության 100 –րդ տարելիցը հրավեր է աշխարհին` անտարբեր չգտնվել մարդկային տառապանքի և նորօրյա նահատակությունների հանդեպ: 100 տարի է` արդարությունը սպասում է ճշմարիտ ընկալման ու անաչառ գնահատականի:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը