ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Պաշտոնական պարզաբանում

21/06/2017

«Հայկական ժամանակ» թերթում տպագրված և տարբեր լրատվական կայքերում տեղադրված «Հրազդանի քաղաքապետարանը 6.2 միլիոն դրամով նոր ավտոմեքենա կգնի» խորագրով հոդվածն ունի հստակ պարզաբանումների, ինչպես նաև չճշտված որոշ տեղեկություններ հերքելու անհրաժեշտություն, քանի որ հրապարակման մեջ առկա են մի շարք տվյալներ, որոնք բացառապես չեն համապատասխանում իրականությանը.
Նախ հարկ ենք համարում ընդգծել և Հրազդանի քաղաքապետի որդու հետ կապված միջադեպը պարբերաբար շահարկող լրատվամիջոցներին հիշեցնել, որ Հրազդան համայնքի ավագանին 2017 թվականի հունիսի 6-ին (երբ դեռևս տեղի չէր ունեցել հայտնի միջադեպը) կայացրել է N 54-Ն որոշումը, որտեղ ընդամենը փոփոխություն է կատարվել բյուջեի «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածում, ինչը համայնքային աշխատանքներում շարունակական բնույթ կրող գործընթաց է և ծավալուն ենթակառուցվածքներ ունեցող Հրազդան քաղաքում պարբերաբար առաջանում է համապատասխան փոփոխություններ կատարելու և կոմունալ-տնտեսության համար տարբեր սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտություն:
Ավելին բյուջեի հոդվածային փոփոխությունը դեռևս չի նշանակում որևէ ապրանքի գնում և Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից այդ հոդվածի շրջանակներում գնում կատարելու ուղղությամբ որևէ աշխատանք չի կազմակերպվել:
Հաշվի առնելով հիշյալ իրողությունները՝ անհրաժեշտ է կրկին փաստել, որ համապատասխան հրապարակումն ընդամենը հերթական շահարկումն է և իրականության հետ որևէ կապ չունի:
Միաժամանակ պետք է կրկին հորդորենք որոշ լրատվամիջոցների, որ զերծ մնան այդպիսի գործելաոճից և հանրությանը ներկայացնեն բացառապես ճշտված տեղեկություններ ու համայնքային բնականոն գործունեության ապահովմանը միտված որոշումներին չվերագրեն այլ ենթատեքստեր:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը