ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Գործնական մոտեցում` առկա խնդիրներին

02/11/2018

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն իր առաջին աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի մի շարք թաղամասեր` տեղում խնդիրներին ծանոթանալու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Առաջին այցը Ջրառատի « Մամաներ » թաղամասն էր: Տարիներ շարունակ տեղի բնակիչներին հուզում էր գազաֆիկացման հարցը, որի լուծումը Միքայելյանն իրատեսական համարելով` միաժամանակ նշեց, որ դա տեղի կունենա ոչ համայնքի բյուջեի հաշվին: Նա խոստացավ այլընտրանքային միջոցներ գտնել` խնդրին դրական լուծում տալու համար: Բացառապես hամայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի անձնական նախաձեռնությամբ շատ կարճ ժամկետում այստեղ արդեն կմեկնարկեն մոտ 2 կմ. ձգվածությամբ գազատար խողովակի անցակացման աշխատանքները, և թաղամասը ամբողջությամբ կգազաֆիկացվի: ՀՀ. Կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիայի շրջանակներում նախատեսված է իրականացնել Երիտասարդական թաղամասի կոյուղագծի կառուցման աշխատանքները: Զարգացման հիմնադրամի մասնագետների հետ միասին համայնքի ղեկավարը շրջեց վերոնշյալ թաղամասով: Նրանք միասին ուսումնասիրեցին կատարվելիք աշխատանքները, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց կարճ ժամկետում հաստատել ծրագիրը և հայտարարել մրցույթ:
Համայնքի ղեկավարը շրջայցն եզրափակեց Բանավան թաղամասում, որտեղ արտաքին լուսավորության հետ կապված առկա էր տեխնիկական խնդիր, որն էլ տեղում ստացավ իր լուծումը: Բնակիչների խնդրանքով և անհրաժեշտությունից ելնելով հանձնարարվեց մոտ օրերս թաղամասի բազմաբնակարան շենքի հարակից տարածքում ավելացնել ևս մի քանի արտաքին լուսավորության կետ: Տարեցների հանգստի լիարժեք կազմակերպման համար այս թաղամասը չի ունեցել մի տարածք, որը կծառայեր որպես հավաքատեղի: Համայնքի ղեկավարը խոստացավ Բանավան թաղամասի Դուրյան փողոցում գտնվող և համայնքի սեփականություն հանդիսացող շինությունից տարածք հատկացնել, տարեցների հանգիստը կազմակերպելու համար:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը